Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հանրային իրազեկման եւ հրապարակայնության խնդիրների քննարկում Կոտայքի մարզում

Մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը Հրազդան քաղաքում հանդիպեց Կոտայքի մարզի 56 համայնքապետերի հետ` քննարկելու մարզի համայնքներում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջների կիրառման խնդիրներն ու հանրային իրազեկման աշխատանքները: Հանդիպմանը ներկա էր նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:“Հրապարակայնությունը վախենալու բան չէ: Համայնքային որոշումները փակցնելը չի կարող վտանգավոր լինել”,-Կոտայքի մարզում կրկին անգամ հիշեցրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:

Կոտայքի մարզպետն իր խոսքում ընդգծեց հանրային իրազեկման եւ հրապարակայնության անհրաժեշտությունը եւ համայնքապետերին հանձնարարեց տարվա մեջ գոնե 1-2 անգամ մամլո ասուլիսներ կազմակերպել` հանրությանն իրենց աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

ԻԱԿ նախագահը ներկաներին վստահեցրեց, որ “որքան բաց եւ հրապարակային աշխատեն, այնքան հասարակության վստահությունը կվայելեն”: Նաեւ մանրամասնեց, որ “հրապարակայնությունը երկու կարեւոր բան է ներառում` մարդկանց տալ 5-օրյա ժամկետում սպառիչ պատասխան եւ համայնքին առնչվող տեղեկատվությունը մատչելի ձեւով հասցնել մարդկանց”:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Մարգարյանը համայնքապետերին կոչ արեց “տեղեկատվության ազատությունն ու հանրային իրազեկումը դարձնել մշակույթ”: Նա նշեց, որ Կոտայքի մարզի որոշ համայնքներում դեռեւս հրապարակայնության հետ կապված խնդիրներ կան: “Հանրային իրազեկման միջոցների առկայության եւ վերազինման աշխատանքներում զգալի դերակատարում ունեցան Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մեր մարզի 5 համայնքներում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակները` Հրազդան, Չարենցավան, Նոր Հաճըն եւ Բյուրեղավան քաղաքներում եւ Նոր Գյուղ գյուղական համայնքում: Վերջիններս նախատեսված են համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների, ինչպես նաեւ ՏԱ օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա փաստաթղթերի հանրային ծանուցման եւ այլ համանման գործընթացների համար”:

Ի դեպ, Կոտայքի մարզպետարանը 2006թ.-ին ԻԱԿ-ի կողմից արժանացել է Ոսկե բանալի մրցանակի` ամենահրապարակային գործող պետական գերատեսչություն անվանակարգում:

Կոտայքի մարզում նաեւ ՙպատմական՚ հանդիպում տեղի ունեցավ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի միջեւ: 2007թ.-ին Հրազդանի քաղաքապետը ԻԱԿ-ի կողմից արժանացել էր Ժանգոտ կողպեքի, ԻԱԿ-ը դատի էր տվել նշյալ քաղաքապետարանին` տեղեկատվություն չտրամադրելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվության ազատությանն ու հրապարակայնությանն առնչվող հարցեր: Հրազդանի քաղաքապետը ներկայացրեց հանրային իրազեկմանն ուղղված իրենց բարեփոխումները, իսկ ԻԱԿ նախագահն էլ պատրաստակամություն եւ աջակցություն առաջարկեց այդ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու գործում:

Skip to content