1.3. Պետական հատվածում ներքին աուդիտի համակարգի բարելավում

Կառավարությունը կշարունակի աուդիտի համակարգի հզորացման աշխատանքները՝ պետական ռեսուրսների կառավարման թափանցիկության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Կառավարությունը նախատեսում է սկսել ներքին աուդիտի նոր համակարգի ներդրման իրականացումը 2012 թ.-ի երկրորդ եռամսյակից։ 2012 թ.-ի ավարտին ներքին աուդիտի համակարգը պետք է ներդրվի բոլոր հիմնական պետական կառույցներում, քաղաքային համայնքներում, առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպություններում։ Սա կպահանջի ռիսկի գնահատման արդյունավետ մեթոդների և ընթացակարգերի, ներքին աուդիտի մեթոդների և գործիքների ներդրում, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և լավագույն գործելակերպերին, նաև կիրականացվեն համապատասխան աշխատակիցների ուսուցման ծրագրեր։ Ներքին աուդիտի ոլորտի հետագա զարգացումները խթանելու համար կպահանջվի նաև ներքին աուդիտի որակավորման համակարգի ներդրում, ինչպես նաև ներքին աուդիտորների շարունակական ուսուցման և զարգացման ծրագրերի իրականացում։

Իրականացման ընթացքը
2012թ. ընթացքում շարունակվել են ներքին աուդիտի համակարգի ներդրման և հզորացման աշխատանքները՝ պետական ռեսուրսների կառավարման թափանցիկության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով։ Այդ նպատակով մշակվել և հաստատվել են մի շարք իրավական ակտեր, այդ թվում` ՀՀ ֆինանսների նախարարի 17.02.2012թ. թիվ 143-Ն հրամանով հաստատվել են «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները», որոնք սահմանում են հանրային հատվածի կազմակերպություններում ներքին աուդիտի կազմակերպման, իրականացման և գնահատման բոլոր ընթացակարգերը` միջազգային չափանիշներին և լավագույն գործելակերպին համապատասխան:

2012թ. փետրվարի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարի թիվ 165-Ն հրամանով հաստատվել են նաև «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները», որոնցով սահմանվել են ստորաբաժանման ստեղծմանը, հաստիքների նվազագույն քանակին, մասնագիտական փորձին և ներքին աուդիտի կոմիտեին ներակայացվող պահանջները:

ՀՀ կառավարության 11.08.2011թ. թիվ 1233-Ն որոշմամբ հաստատված «Ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցի» համաձայն՝ ներքին աուդիտի ներդրումն իրականացվում է փուլային եղանակով՝ սկսած 01.04.2012թ.: Ներքին աուդիտի համակարգը արդեն ներդրված է 52 պետական կառավարման մարմիններում և Երևանի քաղաքապետարանում, իսկ քաղաքային մնացած համայնքներում ներդրումը նախատեսված է 2013թ. հունվարի 1-ից: Ներկայումս քաղաքային համայնքներում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` 48 քաղաքային համայնքներից արդեն 44-ում ստեղծվել են ներքին աուդիտի ստորաբաժանումներ: Ախթալա, Շամլուղ և Դաստակերտ համայնքներում դեռևս ներդրված չէ ներքին աուդիտի համակարգը: Պետական ոչ առևտրային կազմակերպություններում և պետական մասնակցությամբ ընկերություններում ներքին աուդիտի ստորաբաժանումներ չեն ստեղծվել, և այդ լիազորությունները վերապահվել են իրենց կառավարման լիազոր մարմիններին: Նշված ստորաբաժանումների գործունեությունը, համաձայն «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի և ներքին աուդիտի նոր օրենսդրության, պետք է ուղղված լինի հանրային կազմակերպություննների արդյունքների բարելավմանը և մեծացմանը` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով:

2012թ. ընթացքում «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվել են «Հանրային հատվածի ներքին աուդիտ» թեմայով վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի ստորաբաժանումների թվով 160 աշխատակիցներ, որոնցից ներքին աուդիտորի որակավորում են ստացել 155-ը: Իսկ քաղաքային համայնքներից նշված դասընթացներին մասնակցել են ներքին աուդիտի ստորաբաժանումների թվով 50 աշխատակիցներ, որոնցից ներքին աուդիտորի որակավորում են ստացել 40-ը:

Միաժամանակ, մշակվել է «Ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների անցկացման և ներքին աուդիտորի շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգերը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը, որը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Կարծիքների ամփոփումից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով կներկայացվի հաստատման: Իսկ մինչև վերոնշյալ կարգի ընդունումը ՀՀ ֆինանսների նախարարի հանձնարարությամբ ներկայումս սկսվել է ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստումների իրականացման փորձնական գործընթացը: Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է: