1.5. Բյուջեի պլանավորման և հաշվետվական համակարգերի բարելավում՝ ծրագրային բյուջետավորման ամբողջական կիրառման միջոցով

Որպեսզի ապահովվի բյուջեի վերաբերյալ որոշումների կայացումը ապացույցներով հիմնավորված քաղաքականության համաձայն, կառավարությունն ամբողջությամբ կներկայացնի ծրագրի բյուջետավորումը մինչև 2014 թ.-ը։ Բյուջեի կազմավորման բարելավումներին զուգընթաց, նոր համակարգերը կբարելավեն պետական միջոցների օգտագործման հաշվետվությունը և հաշվետվողականությունը՝ պետական մարմինների/ նախարարությունների կատարողականների (այլ ոչ միայն ֆինանսական ծախսերի) մասին թափանցիկ հաշվետվությունների ներկայացման միջոցով։ Այդ բարեփոխումները կնպաստեն նաև ներքին և արտաքին աուդիտի համակարգի բարելավմանը։

Իրականացման ընթացքը
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2005 թվականից նախապատրաստա-կան աշխատանքներ է իրականացնում բյուջետավորման մուտքերի (ծառայությունների մատուցման համար օգտագործվող ռեսուրսների) վրա հիմնված եղանակից արդյունքների վրա հիմնված (ծրագրային բյուջետավորման) եղանակին անցման նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու` ծրագրային բյուջետավորման պահանջներց բխող բյուջետավորման տարրերը փորձնական կարգով աստիճանաբար ներդնելու և այդ փորձնական ծրագրում ընդգրկված պետական կառավարման մարմինների շրջանակը տարեցտարի ընդլայնելու համար: Առաջին երկու տարիներին ծրագրային բյուջետավորման ներդրման փորձնական ծրագրում ընդգրկվել են սոցիալական ոլորտի 4 պետական կառավարման մարմիններ, 2007թ. վերջին դրանց թիվը կազմել է 14, իսկ սկսած ՀՀ 2010թ.` այդ աշխատանքներում արդեն ընդգրկված են բոլոր պետական կառավարման մարմինները:

Փորձնական կարգով իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 27-ի N 48/18 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության պետական ծախսերի ծրագրավորման գործընթացի բարեփոխումների զարգացման հայեցակարգը, որի համատեքստում էլ շարունակվել են բարեփոխումների հետագա խորացման աշխատանքները: Ըստ այդմ` ՀՀ պետական բյուջեների նախագծերը, ավանդական ձևաչափին զուգահեռ, մշակվել են նաև ծրագրային բյուջետավորման պահանջներին համապատասխանող ձևաչափով և ներառվել են համապատասխան տարիների բյուջետային փաստաթղթերում:

ՀՀ 2012թ. բյուջետային գործընթացում փորձնական կարգով ներդրվել են ծրագրային բյուջետավորման պահանջներից բխող նոր տարրեր`

  • ՀՀ պետական բյուջեով ծախսային ծրագրեր իրականացնող բոլոր գերատեսչությունների գծով նոր ծրագրային կառուցվածքի և այդ ծրագրերի նոր դասիչների համակարգ, համաձայն որի էլ կազմվել են ՀՀ 2012 և 2013 թվականների պետական բյուջեները,
  • 2012թ. բյուջետային գործընթացի շրջանակում փորձարարական երեք գերատեսչություններում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարություններ, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն) կազմել են յուրաքանչյուրում մեկական բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր), իսկ 2013թ. այդպիսի բյուջետային ծրագրի նկարագիր (անձնագիր) կազմվել է թվով ութ գերատեսչություններում` 10 բյուջետային ծրագրերի համար: Դրանք բոլորն էլ զետեղվել են ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիրը) սահմանում է տվյալ բյուջետային ծրագրով անհրաժեշտ ընթացիկ իրավիճակը նկարագրող հենանիշերը և թիրախները, ինչը ֆինանսների արդյունավետ պլանավորման (արդյունքի հիման վրա ծրագրավորման) համար առանցքային կարևորության խնդիր է:

Ծրագրային բյուջետավորման գործընթացը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու և բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքները զարգացնելու ու անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով մշակվել և ՀՀ ԱԺ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ ԱԺ կողմից 2013թ. մարտի 19-ին դրանք ընդունվել են առաջին ընթերցմամբ: Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է: