2.3 Կոռուպցիայի դեմ պայքար

  • Կոռուպցիայի և ինստիտուցիոնալիզացված կաշառակերության դեմ իրավապահ մարմինների և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցությունը խթանելու նպատակով, կառավարությունը կանոնավոր կերպով հասարակական կազմակերպությունների հետ կքննարկի կոռուպցիայի մակարդակի և ծավալների, ինչպես նաև մոնիտորինգային և հետազոտական ծրագրերի արդյունքները: Հիմնվելով այդ քննարկումների վրա՝ կառավարությունը կկատարի անհրաժեշտ ուղղումներ իր կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության ձևակերպման և իրականացման մեջ:
  • Կառավարության կառուցվածքում կստեղծվի ստորաբաժանում (Քարտուղարություն), որը կաջակցի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին և նրան առընթեր Մոնիտորինգային հանձնաժողովին` արդյունավետ կերպով իրականացնելու իրենց գործառույթները: Քարտուղարությունը նաև կնպաստի պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը:

Իրականացման ընթացքը
2012թ. դեկտեմբերին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում ամփոփվել են Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքները: Նիստի ժամանակ ներկայացվել է գործողությունների ծրագրի կատարման մակարդակը, այն խնդիրները, որոնք առաջ են եկել գործողությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այս կամ այն գործողության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատճառները: 

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից առաջարկվել է ներկայումս աշխարհում գործող կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացմանն ուղղված երեք մոդել՝ ունիվերսալ (ներառում է և´ կանխարգելում և´ հետաքննություն, գործում է մի շարք երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում), իրավակիրառ (վերջինս ավելի շատ հետաքննող մոդել է) և կանխարգելիչ մոդելներ: Մոդելներից որևէ մեկի ընտրության հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում և, հավանաբար, կհաստատվի խորհրդի հաջորդ նիստում:

Չնայած ներկայումս առկա է կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ քաղաքականության իրականացման որոշակի ընդհատում, սակայն ՀՀ կառավարության կողմից իրականացվող շատ միջոցառումներ ուղղված են հենց կոռուպցիայի դեմ պայքարին կամ կոռուպցիայի նվազեցմանը: Էլեկտրոնային կառավարման համակարգի մի շարք ծրագրերի առանցքային նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած հանրային ռեգիստրների ստեղծման նպատակն է միավորել պետության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով (անձնագրերի ստացում, ԶԱԳՍ-երի, ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններ, շարժական գույքի գրանցման հետ կապված ծառայություններ և այլն): Այժմ հայեցակարգը ներկայացվել է ՀՀ կառավարություն և այն գտնվում է համաձայնեցման փուլում: Պարտավորության իրականացումն ընթացքի մեջ է: