Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

04.03.2015

2015թ.-ի մարտի 3-ին տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերության աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որի ժամանակ կառավարությունը ներկայացրեց ԲԿԳ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ ամփոփ հաշվետվությունը՝ ըստ 11 հանձնառությունների, առ 2015թ.-ի փետրվարը: 

1. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացում և հրապարակում 

2. Հանքարդյունաբերության թափանցիկության ապահովում 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն. 

Միջոցառումների իրականացման նպատակով ներկայումս տարվում են բանակցություններ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ՝ կազմվել է «Օժանդակություն ՀՀ կառավարությանը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության ավելացման  համար» ծրագրի նախագիծը, որի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի  թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 

Հարկ է նշել, որ ծրագրի նախագիծը դեռևս գտնվում է քննարկումների փուլում  և նրանում ընդգրկված են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանն առնչվող՝ ««Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացում և հրապարակում» և «Հանքարդյունաբերության թափանցիկության ապահովում» միջոցառումները:  

USAID-ի ներկայացված ծրագիրը գտնվում է համաձայնեցան փուլում:

3. Առողջապահության ֆինանսավորման տեղեկատվության հանրային մատչելիության ապահովում 

ՀՀ առողջապահության նախարարություն.

Ծրագրի 3-րդ կետի («Առողջապահության ֆինանսավորման տեղեկատվության հանրային մատչելիության ապահովում») իրականացման նպատակով ստեղծվել է առողջապահության համակարգի ֆինանսական պորտալ՝ www.sha.am հասցեով, որտեղ համացանցի բոլոր օգտատերերը կարող են ստանալ տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև նախագծվել է հավաքագրվող տվյալների վերլուծական-հաշվետվական կայքէջ, որի միջոցով համապատասխան հաշվետվությունները և վերլուծությունները հասանելի կլինեն ինչպես հանրությանը, այնպես էլ բժշկական մասնագիտական շրջանակներին:

Ներկայումս ընթացքի մեջ են նշված կայքի տեղեկատվության համալրման և փորձարկման աշխատանքները: 

4. ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով. 

2014 թվականի սեպտեմբերի 12-ի N 01/54-14 գրությամբ ՀՀ Կառավարության աշխատակազմ է ներկայացրել «Բաց կառավարման գործընկերություն» ծրագրի 4-րդ կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է N150-Ն 19.02.2015.

5. Պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակում

ՀՀ ֆինանսների նախարարություն.

Գնումների ոլորտին առնչվող պարտավորության կատարման մասով ներկայումս աշխատանքներ են տարվում պետական գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման համար պահանջվող սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ:

6. Համայնքային միկրոհարցումների ծրագրի ներդրում 10 համայնքներում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն. 

Ընտրվում են թիրախային համայնքները, իրականացվում են աշխատանքներ՝ ծրագրային ապահովման ուղղությամբ: ՀՀ փոխվարչապետի 13.08.2014թ. №01/16/4383-14 գրությամբ առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ ԲԿԳ պարտավորությունների 6-րդ և 11-րդ կետերի կատարման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:

Աշտարակի քաղաքային համայնքի ավագանին ս.թ. հունվարի 26-ին ընդունել է №7-Ա որոշումը, համաձայն որի նախատեսվում է Աշտարակի քաղաքապետարանի կողմից 2015 թվականին նշված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների առաջնահերթությունը որոշելու նպատակով կազմակերպել sms միկրոհարցում:

7. Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում

ՀՀ արդարադատության նախարարություն.

7-րդ կետով նախատեսված միջոցառումը՝ պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների՝ բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովում, կոլեգիաների և խորհուրդների գործառույթները, դրանցում մասնակից կողմերի կազմը, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու, խորհուրդների ձևավորման և գործունեության` բաց, թափանցիկ ընթացակարգերը, ՔՀԿ-ների ներկայացուցչականության և մասնագիտական որակավորման չափորոշիչները սահմանելու, ինչպես նաև Կառավարության և նախարարությունների պաշտոնական կայքերում էլեկտրոնային հաշվետվետվողական համակարգ ներդնելու ուղղությամբ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում իրականացվում է աշխատակարգերի և միջազգային փորձի ուսումնասիրություն: 

8. Պետական կառավարման մարմինների օրինաստեղծ գործունեության մասին հանրության իրազեկում

ՀՀ արդարադատության նախարարություն.

8-րդ կետով նախատեսված միջոցառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13 արձանագրային որոշմամբ կարգավորվել են իրավական ակտերի մշակման կանոնները: Բացի այդ, իրավական ակտերի հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի մշակման կանոնները ամրագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցին հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշմամբ: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայումս, միջազգային փորձագետների ներգարվմամբ, իրականացվում է իրավական ակտերի մշակման և հանրային իրազեկման հետ կապված հարցերի կանոնակարգման աշխատանքներ:

Հարկ է նշել նաև, որ «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» 3.8-րդ կետով նախատեսվում է նորմատիվ իրավական ակտերի թվայնացում, այդ թվում նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային պետական գրանցում: Համաձայն նշված ծրագրի նորմատիվ իրավական ակտերի պետական գրանցման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Աստիճանաբար անցում կիրականացվի նորմատիվ իրավական ակտերի թղթային տարբերակներով պահպանումից դեպի էլեկտրոնային տարբերակների, զուգահեռաբար համապատասխան աշխատանքներ իրականացնելով նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային արխիվացումը իրականացնելու ուղղությամբ: Արդյունքում նորմատիվ իրավական ակտերի շրջանառությունը, պահպանումը և արխիվացումը կլինի էլեկտրոնային, ինչպես նաև «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» կհրապարակվի էլեկտրոնային տեսքով: Ներկայումս տվյալ հարթակի ստեղծման նպատակով ընթանում են տեխնիկական լուծումների վերաբերյալ քննարկումներ:

Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը 2013 թվականի դեկտեմբերի 24-ի նամակով խնդրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ իրականացնել Հայաստանի օրենսդրական գործընթացի ամբողջական գնահատում: Արդյունքում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և արդարադատության նախարարը 2014 թվականի փետրվարի 19-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (այսուհետՙ ՓՀ), որում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանձն առավ իրականացնել օրինաստեղծ գործընթացի ամբողջական գնահատում, որը կներառի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Բացի դրանից, ՓՀ-ում նշված էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդարադատության նախարարության օժանդակությամբ կկազմակերպի մինչև չորս թեմատիկ սեմինար-քննարկումներ՝ նվիրված օրինաստեղծ գործընթացի տարբեր առանձնահատկություններին, նպատակ ունենալով գնահատման մեջ արդեն իսկ ներկայացված առաջարկություններից զատ մշակել նոր՝ լրացուցիչ առաջարկություններ: Ի վերջո, ՓՀ-ում նշված էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աջակցելու է Հայաստանում Կարգավորիչ դաշտի բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակմանը, որը կներառի կոնկրետ միջոցառումներ՝ որպես հիմք ընդունելով գնահատման և սեմինար-քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունները: 

9. ՀՀ հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ընտրության և տարեկան բյուջեի պլանավորման ու ծախսերի թափանցիկության ապահովում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն.

Ներկայացված առաջարկի հիման վրա փոփոխություն է կատարվել  Հայաստանի Հանրապետության «Պետական  հանրակրթական ուսումնական հաստատություն»  պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում:

Միաժամանակ հայտնում եմ, որ մշակման փուլում է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների տարեկան բյուջեի պլանավորման և բյուջեի տարեկան ծախսերի հաշվետության» կարգը, ինչը սահմանված ժամկետում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

10. Հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում տեղեկատվության ազատության և հակակոռուպցիոն ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն.

2009 թվականից սկսած «Համայնքային ծառայողների վերապատրաստման» ծրագրերում որպես ուսուցանվող թեմա  ընդգրկված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ դասաժամեր: 2014 թվականին վերապատրաստվել է թվով 1240 համայնքային ծառայող:

11. Խոշոր համայնքների տեղական ինքնակա¬ռա¬վարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն.

20,000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների համացանացային կայքերի թափանցիկության ապահովման հետ կապված  աշխատանքները իրականացվում են շուրջ  երեք տարի: Այդ համայնքները 48 քաղաքային համայնքերից ընդամենը 16 են:    11 համայնքներ  աշխատում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, որը կիրառվում է նաև որպես  համացանցային  կայք: Պարբերաբար կատարած դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 16 քաղաքային համայնքների կայքերից 14-ը թարմացվում են, սակայն որոշակի թերություններով, ժամանակավորապես չի գործում Գավառի քաղաքապետարանի կայքը (http://gavariqaghaqapetaran.am/): Նշված 16 համայնքների համացանցային կայքերից 5-ը ձևավորված են այլ կազմակերպությունների կողմից, բայց անհրաժեշտությունից ելնելով  հղում են տվել ՀԿՏՀ-ին (ք.Հրազդան-www.hrazdan.am, ք.Չարենցավան-www.charentsavan.am, ք.Վանաձոր-http://vanadzor.am/), որտեղ ավելի թափանցիկ է երևում համայնքների բյուջեյի կատարողականը (աղուսյակը կցվում է):

Բոլոր համայնքներն էլ հիմնականում անհրաժեշտություն ունեն  տեխնիկասարքավորումների թարմացման ու ձեռք բերման. ուստի, կատարվում են ուսումնասիրություններ, թե որ համայնքներն են ի զորու ձեռք բերելու այդ սարքավորումները՝ ավագանու նիստերը, հանրային քննարկումներն ու ՏԻՄ ասուլիսները առցանց հեռարձակելու գործընթացը սկսելու նպատակով:

 

← Վերադառնալ