Նորություններ, միջոցառումներ

ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիր. գաղափարների մրցույթ

13.04.2016

ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության գործողությունների նոր` երրորդ ծրագիրը համալրելու նպատակով: Ծրագիրը մասնակցային սկզբունքով մշակված հանձնառությունների համախումբ է, որոնք կոչված են խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը: Բաց կառավարման գործընկերությունը շեշտադրում է հավակնոտ հանձնառո¬թյունների միջոցով բաց կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը: Գործողությունների ծրագրում ընդգրկվող նախաձեռնությունները կարող են լինել ինչպես նոր, այնպես էլ՝ նախկինում սկսված, ընթացիկ բարեփոխումների շարունակություն:

Առաջնահերթ պահանջ է գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր հանձնառության համապատասխանության ապահովումը բաց կառավարման հետևյալ չորս սկզբունքներից առնվազն մեկին՝

  1. թափանցիկություն. սա վերաբերում է պետության տնօրինած ամբողջ, այլ ոչ միայն կառավարության գործողությունների մասին տեղեկատվության պրոակտիվ և ռեակտիվ հրապարակմանը, տեղեկատվության ազատության մասին իրավունքի ամրապնդման մեխանիզմներին, կառավարությանը տեղեկությունների հասանելիությանը:
  2. հաշվետվողականություն. կանոններ, կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կառավարման ոլորտի դերակատարներին կոչ են անում հիմնավորել իրենց գործողությունները, գործել իրենց ուղղված պահանջներին ու քննադատությանն ի պատասխան, ձախողման դեպքում ընդունել պատասխանատվությունը:
  3. մասնակցություն. անհրաժեշտ է մոբիլիզացնել քաղաքացիներին, որպեսզի նրանք մասնակցեն կառավարման քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ երկխոսությանը, ապահովեն իրենց ներդրումն ու հետադարձ կապը, որոնք կհանգեցնեն ավելի պատասխանատու, նորարարական և արդյունավետ կառավարման.
  4. տեխնոլոգիա և նորարարություն. տեխնոլոգիաների հասանելիություն և դրանցից օգտվելու քաղաքացիների կարողության զարգացում: Տեխնոլոգիական լուծումը պետք է պարունակի հստակ հիմնավորում, թե ինչպես է առաջարկվող հանձնառությունը նպաստում մյուս երեք սկզբունքների՝ աշխատանքների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության, իրացմանը:

Մինչև ս/թ ապրիլի 30-ը առաջարկվող հանձնառությունները կարող եք ներկայացնել ԱՅՍ հղումով:
Ներկայացվելիք հանձնառությունների չափանիշների վերաբերյալ առավել մանրամասն ԱՅՍՏԵՂ:

Լրացուցիչ Չափանիշներ

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք, բացի նշված Բաց կառավարման գործընկերության չափանիշերի համապատասխանությունից, միաժամանակ միտված կլինեն Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակների իրականացմանը և համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Այն առաջարկությունները, որոնք ենթադրում են նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխությունների կատարման պահանջ (նշված պահանջի ապահովումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից), գործողությունների ծրագրում չեն ընդգրկվի:

 

← Վերադառնալ